logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Հազվադեպ համակցությամբ ուռուցքների միաժամանակյա վիրահատություն

10 May 2019

Օրերս «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվեց հազվադեպ հանդիպող ախտաբանական վիճակի վիրահատական միջամտություն: Պացիենտի մոտ առկա երկու տարբեր ուռուցքի կապակցությամբ՝ բրոնխի և մակերիկամի, կատարվեց միաժամանակյա վիրահատություն: Այն մեծ վարպետությամբ և պատասխանատվությամբ իրականացրեց «Նաիրի» ԲԿ վիրաբուժական թիմը՝ Անդրանիկ Իսրայելյանի և Արմեն Խանոյանի գլխավորությամբ:

«Նաիրի» ԲԿ էր դիմել միջին տարիքի տղամարդ` Ստեփանավանից, ով երկար ժամանակ ձգձգվող թոքաբորբի պատճառով բուժումներ էր ստացել և, գրեթե, անարդյունավետ: Սովորաբար, բակտերիալ թոքաբորբ` այդքան երկարատև ընթացքով, բժշկության մեջ արձանագրված չէ: Ուստի, եթե բուժման ֆոնի վրա դրական առաջխաղացում չի նկատվում, պետք է մտածել այլ ախտաբանության մասին:

Պացիենտին համակարգչային տոմոգրաֆիայով (ՀՏ) հետազոտելուց հետո հայտնաբերվեց, որ աջ թոքի ստորին բլթի բազալ բրոնխներից 9-րդ սեգմենտար բրոնխն ինչ-որ գոյացությամբ փակ է: Քանի որ վիրաբուժության մեջ բրոնխոսկոպիան և ռենտգեն քննությունը անփոխարինելի և բազիսային հետազոտություններից են, կատարվեց նաև բրոնխոսկոպիա, որը հաստատեց ՀՏ արդյունքները: Հայտնաբերվեց 9-րդ սեգմենտար բրոնխի ամբողջական օբտուրացիա ուռուցքով:

Բարեբախտաբար, չնայած այն բավականին խորադիր էր, հաջողվեց կատարել բիոփսիան: Հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում ախտորոշվեց ուռուցք` կարցինոիդ, ինչը, թեև չարորակ է, համեմատաբար դանդաղ է աճում, բնույթով լոկալ է և շատ քիչ դեպքերում է տեղային, ավշային հանգույցների մետաստազներ տալիս, առավել ևս՝ հեռավոր մետաստազներ: Այդ պատճառով վիրահատական միջամտության արդունավետությունը մեծ է: Ամեն ինչ կախված է ուռուցքի միտոտիկ ակտիվությունից, այսինքն, թե ինչ արագությամբ է ուռուցքը բաժանվում: Հիվանդի մոտ ակտիվությունը բավականին ցածր էր:

Այս ամենից զատ, ՀՏ հետազոտության ընթացքում որովայնի խոռոչում` աջ մակերիկամի վրա, հայտնաբերվեց ևս մեկ ուռուցք` ֆեսխրոմոցիտոմա: Երկու ուռուցքն էլ նեյրոէնդոկրին են, ինչը հազվադեպ զուգադիպություն է:

«Նաիրի» ԲԿ-ում գործող բարձրակարգ վիրաբույժների խումբն ընդունակ էր լուծում տալ: Որոշում կայացվեց երկու վիրահատությունը կատարել միաժամանակ` համատեղել: Դա նախընտրելի էր և՛ հիվանդի համար, և՛ վիրաբույժների` խուսափելու անցանկալի անակնկալներից:

Սկզբում Ա.Ադամյանը հեռացրեց ֆեսխրոմոցիտոման, այնուհետև կրծքային վիրաբույժ Ա. Խանոյանը, կատարեց բազալ սեգմենտէկտոմիա:

Վիրահատությունը տևեց երկար, բայց` արդյունավետ ելքով: Հիվանդը դուրս գրվեց 5-րդ օրը՝ մնալով հսկողության մեջ մեր մասնագետների կողմից:

Դեպքն առանձնանում է ուռուցքների տեսակների հազվադեպ զուգադիպմամբ` երկուսն էլ` նեյրոէնդոկրին տեսակի, մուլտիֆոկալ տեղակայումներով (մակերիկամ, բրոնխ): Այսպիսի վիրահատությունները պետք է տեղ գտնեն վիրաբուժական դասագրքերի մեջ:

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International