Քիթ-կոկորդ-ականջաբանություն
«Նաիրի» բժշկական կենտրոնի ՔԿԱ ծառայությունն իրականացնում է քթի, հարքթային խոռոչների, ըմպանի, կոկորդի և ականջի հիվանդությունների գործիքային ախտորոշում, բուժում և բարդ վիրաբուժական միջամտություններ՝ նորագույն էնդոսկոպիկ և միկրովիրաբուժական տեխնոլոգիաներով։ Կատարվում է ինչպես ՔԿԱ օրգանների թերապևտիկ բուժումներ, այնպես էլ վիրահատական, մասնավորապես բոլոր սինուսների էնդոսկոպիկ և ռադիկալ վիրահատություններ, արտաքին քթի, ականջախեցիների պլաստիկ վիրահատություններ, քթի միջնապատի ուղղում, քթի միջնապատի թափածակումների վերականգնում, քմային նշիկների և քիթըմպանի ադենոիդ հյուսվածքների հեռացում, քնային շնչարգելության պատճառ հանդիսացող կախված փափուկ քիմքի ուվուլոպալատոպլաստիկա, ձայնալարերի բուժման թերապևտիկ և վիրաբուժական միջոցառումներ և խոանալ աթրեզիայի վերացման և այլ բնածին արատների շտկման վիրահատություններ ։
Բաժանմունքը հագեցած է առաջատար ընկերությունների նորագույն ինչպես դիագնոստիկ սարքավորումներով (Karl Storz, Heinemann, Carl Zeiss), այնպես էլ վիրաբուժական սարքավորումներով՝ էնդոսկոպիկ (Karl Storz), նավիգացիոն (Medtronic), մանրադիտակային (Leica), էլեկտրական դանակ ունեցող (ArthroCare Coblator-II) ընկերությունների արտադրությամբ։
Հատկանշական է, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածությանը զուգընթաց ընդլայնվում են նաև համակցված վիրահատությունների շրջանակը, մասնավորապես քիթ-կոկորդ-ականջաբանների ու նյարդավիրաբուժների, ակնաբուժների, դիմածնոտային և թորակալ վիրաբույժների հետ համատեղ իրականացվում են խոշորածավալ վիրահատություններ։
