logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

«Սև գույնի միջողային աճառի ճողվածք». կլինիկական դեպք

26 Nov 2025

«Միջողային աճառի ճողվածքի կապակցությամբ կատարվող վիրահատությունները սովորական բնույթ են կրում մեր աշխատանքում, սակայն առայսօր սև գույնի միջողային աճառի ճողվածքի չէինք հանդիպել:

Միջողային աճառը և նրա ճողվածքները լինում են սպիտակ, դեղին, դարչնամոխրագույն: Ստորև պատկերված է սովորական գույն ունեցող միջողային աճառի ճողվածքը, որը, սովորաբար, հանդիպում ենք վիրահատության ժամանակ:


Սակայն օրեր առաջ վիրահատության ժամանակ մենք զարմացած փորձում էինք բացատրություն տալ մեր տեսածին: Հիվանդի մոտ միջողային աճառի ճողվածքը սև գույն ուներ: Նման բան թե՛ մենք, թե՛ մեր գործընկերներն` այլ բուժհաստատություններից, չէինք հանդիպել:


Հետաքրքրաշարժ է, որ նախքան վիրահատությունը ՄՌՏ հետազոտությամբ որևէ արտառոց պատկեր չէր արձանագրել և ախտորոշվել էր միջողային աճառի ճողվածք, ինչը պատկերված է ստորև:

Համացանցում մենք գտանք ընդամենը երկու նմանատիպ նկարագրված դեպք, որոնցից մեկն արձանագրվել էր Թուրքիայում (2012թ.), իսկ մյուսը` Հնդկաստանում (2016թ.):

Սև գույնի միջողային աճառի ճողվածքը բացատրվում էր ալկապտոնուրիա հիվանդության դրսևորմամբ, որը հանդիպում է ազգաբնակչության 0.001%-ի մոտ և բացատրվում է հոմոգենտենզիոն թթվի ոչ լիարժեք տրոհման փաստով:


Նման հիվանդներին առանձնահատուկ բուժման ցուցումներ չկան: Խորհուրդ է տրվում երկարատև օգտագործել վիտամին C:

Նկարագրելով այս դեպքը՝ մենք ցանկանում ենք տեղեկացնել մեր գործընկերներին, որ եթե վիրահատության ժամանակ հանդիպեն սև գույնի ճողվածք, խուճապի չմատնվեն, նման բան հնարավոր է և դա, այսպես կոչված, ալկապտոնուրիա հիվանդության դրսևորումներից է:

Արման Հակոբյան,
Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և
ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար
«Նաիրի» ԲԿ

 

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International