logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Լոկոռեգիոնար անզգայացում. երբ ընդհանուր անզգայացումը ցանկալի չէ

23 Dec 2021

Լոկոռեգիոնար ցավազրկումը ցավային իմպուլսի տեղային ընդհատումն է՝ նյարդերի կամ նյարդային հյուսակների պաշարման եղանակով, և իրականացվում է ուլտրաձայնային հսկողության պայմաններում և/կամ նյարդախթանիչի կիրառմամբ:

Լոկոռեգիոնար անզգայացումն ապահովում է հիվանդի ներվիրահատական և հետվիրահատական փուլերում ցավազրկումը՝ խուսափելով նարկոտիկ ցավազրկողների անցանկալի կիրառումից, ինչը հնարավորություն է տալիս խուսափել շնչառական կենտրոնի ընկճումից, կանգից, փսխման ռեֆլեքսից, ճնշման անկումից:

Հետվիրահատական ցավի բացակայությունը նաև հնարավորություն է տալիս ավելի վաղ սկսել հետվիրահատական վերականգնումը, ինչի արդյունքում կանխարգելվում է թրոմբոէմբոլիկ բարդությունները, կանգային թոքաբորբի և պարկելախոցերի առաջացումը:

«Նաիրի» բժշկական կենտրոնում օրերս իրականացվել է լոկոռեգիոնար ցավազրկման կիրառմամբ հերթական վիրահատությունը:

75 տարեկան հիվանդի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի միջային մահիկի վնասում: Պլանավորվել է կատարել արթրոսկոպիա:

Նախավիրահատական շրջանում անեսթեզիոլոգի կողմից կատարված նախնական զննման արդյունքում պարզվել է, որ հիվանդը տառապում է մի շարք ուղեկցող ծանր քրոնիկ հիվանդություններով՝ հեպատիտ «C»-ով և լյարդի ցիռոզով պայմանավորված քրոնիկ լյարդային անբավարարություն, կերակրափողի երակների II աստիճանի վարիկոզ լայնացում, քրոնիկ սրտային անբավարարություն:

Ակնհայտ էր, որ ավանդական ողնուղեղային կամ ընդհանուր անզգայացումն անհնար էր:

Որոշվել է կատարել լոկոռեգիոնար անզգայացում` առանձին պերիֆերիկ նյարդերի պաշարումով:

Վիրահատությունն իրականացվել է պաշարումից 50 րոպե անց և տևել է 40 րոպե:

Վիրահատությունից 3 ժամ անց հիվանդը հենակի օգնությամբ քայլել է: Լոկոռեգիոնար պաշարումն ապահովել է նաև հետվիրահատական ցավազրկումը, իսկ հաջորդ օրը հիվանդը դուրս է գրվել լավ ինքնազգացողությամբ:

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International