logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը

26 Nov 2025

«Նաիրի»  բժշկական կենտրոնն երեք տարի է, ինչ համագործակցում է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ`օգնելով կազմակերպել բացառիկ  նյարդավիրաբուժական վիրահատություններ՝ ուղղված նախկին զինծառայողների առողջության վերականգնմանը:

Բացառիկ վիրահատության մասին պատմեց «Նաիրի» բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար, նյարդավիրաբույժ, բ.գ.դ. Արման Հակոբյանը:

«Վերջերս իրականացվեց հերթական վիրահատությունը: Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորը ստացել էր հրազենային վիրավորում, որի արդյունքում գանգի և դեմքի ոսկրերի ուղիղ կեսը բացակայում էր: Հիվանդը վիրահատվել էր: Սակայն վիրահատությունից հետո, դեմքի և գանգի ոսկրների մեծ դեֆեկտը խիստ տձևացնում էր տղայի դեմքը, նա ամաչում էր շփվել հարազատների հետ և դուրս գալ փողոց:

Դեֆեկտը վերականգնել սովորական վիրահատությամբ այլ բուժհաստատություններում հնարավոր չէր և հիվանդն ուղեգրվեց «Նաիրի» բժշկական կենտրոն:

Այս կլինիկական դեպքը թվով 10 կամ 11-րդն է, որի բուժումը կազմակերպելու համար կրկին համագործակցում ենք Պաշտպանության նախարարության հետ: Դրա առավելությունն այն է, որ հիվանդի գլխուղեղի շերտավոր հետազոտման նկարներն ուղարկում ենք արտասահմանյան համապատասխան կազմակերպություն, որի օժանդակությամբ` տվյալ հիվանդի ոսկրերի դեֆեկտին համապատասխան, տիտանե թիթեղից, 3 D մոդելավորման եղանակով հայելային կրկնօրինակ է կառուցվում և հետագայում տեղադրվում հիվանդի մոտ առկա ոսկրային դեֆեկտի տեղում:

Վիրաբուժական թիմը՝ դիմածնոտային վիրաբույժի հետ համատեղ, կատարեց վիրահատությունը՝ վերականգնելով թե՛ գանգի և թե՛ դեմքի ոսկրերի դեֆեկտը:

Վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդն ապաքինվում է: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ցանկացած բարդության վիրահատություն կարելի է կատարել Հայաստանի Հանրապետությունում»։

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International